Միաբջիջ օրգանիզմներ, մեկ բջջից բաղկացած բուսական և կենդանական օրգանիզմներ։ Տարբերում են 2 տիպի միաբջիջ օրգանիզմներ պրոկարիոտներ և էուկարիոտնեեր։ Պրոկարիոտները (բակտերիաներ, կապտականաչ ջրիմուռների մի մասը) չունեն տարբերակված կորիզ, մեյոզն արտահայտված չէ։ Ժառանգական ինֆորմացիայի ապարատը նուկլեոիդն է։ Էուկարիոտներին (միաբջիջ կանաչ և մի քանի ուրիշ ջրիմուռներ, նախակենդանիներ) բնորոշ է միտոզով բաժանվող կորիզը։ Ընդհանուր կառուցվածքով և օրգանելների հավաքով նման են բազմաբջիջ օրգանիզմների բջիջներին։

Բազմաբջիջ օրգանիզմների բջիջներն ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիաների միավորվում են հյուսվածքների, իսկ հյուսվածքներն էլ՝ օրգանների մեջ և, ձեռք բերելով մասնագիտացում, ավելի արդյունավետ են իրականացնում իրենց յուրահատուկ ֆունկցիան, բայց դրա հետ մեկտեղ ավելի կախյալ են դառնում այլ բջիջներից։ Օրինակ՝ մկանային բջիջների կծկումների շնորհիվ իրականանում են օրգանիզմի տարբեր շարժումները։ Բազմաբջիջ օրգանիզմների աճը պայմանավորված է բջիջների բաժանումով, որը իրականացվում է միտոզի եղանակով։ Դա նշանակում է, որ բոլոր բջիջները, որոնք առաջացել են նախնական սպորիցկամ գամետից՝ նման են իրենց գենոտիպով։

Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում, օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։

Օրգան, մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիա։ Այն կազմված է առնվազն երկու տեսակի (հաճախ բազմաթիվ) հյուսվածքներից, որը ունակ է կատարել մեկ կամ մի քանի գործողություններ օրգանիզմում։

Երկու և ավելի օրգանների միասնությունը, որոնք կատարում են համատեղ ընդհանուր գործառույթ անվանում են օրգան համակարգ: Մարդու օրգանիզմում գոյություն ունեն 10 օրգան համակարգեր:

  1. Նյարդային համակարգ
  2. Հենաշարժիչ համակարգ
  3. Արյունատար համակարգ
  4. Շնչառական համակարգ
  5. Մարսողական  համակարգ
  6. Ծածկույթային (ծածկող) համակարգ
  7. Միզարտազատական համակարգ
  8. Վերարտադրողական համակարգ
  9. Իմունային համակարգ
  10. Ներզատական համակարգ
Միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմներ, հյուսվածքներ, օրգաններ, օրգանների համակարգեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *